ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Փեշիդ ծվենը մոշուտում մնաց

Փեշիդ ծվենը մոշուտում մնաց
08.04.2024 | 11:24

Միշտ հիշենք, չմոռանանք Մարոյին․ հիշողությունը միայն մեռնողների համար չէ, այլ նաև ապրողների։

Երջանիկ լինենք, որ մի ժամանակ ապրել ենք նրա կողքին, լսել նրա խոսքն ու զրույցը, հաղորդակցվել նրա մտքի հանճարեղ փայլատակումներին։

Ավա՜ղ, 2018 թ․ այսօրը երկնային արքայություն սավառնեց սիրված բանաստեղծուհու՝ ՄԱՐՈ ԵՐԿՆԱՓԵՇՅԱՆԻ հոգին։

Անսահմանորեն սիրելով կյանքը՝ նա զարմանալի համառությամբ պայքարեց մահվան դեմ։

Ասես ամբողջովին բնությանն էր ձուլվել, երկրի վրա ապրելով՝ արդեն իսկ երկնային էր ու վերջին ճիգերով աշխատում էր վանել իրեն հետապնդող մահվան դժնատեսիլ ուրվականը։

Ո՞վ իմանա՝ հոգեկան ի՜նչ տառապագին վիճակներ էր հաղթահարում դատապարտված բանաստեղծուհին, երբ մենակ էր մնում ինքն իր հետ, երբ իր նախորդ հանճարի նման «տամուկ գիշերվա վհուկը» ընդգրկում էր նրա՝ կյանքի կարոտ հոգին։ Գուցե ամեն առավոտ Մեծարենցի պես մի անզոր աղերսանքով արևի տաք շողերին էր ուզում շուլալել սառչող մարմինը՝ փառք տալով Երկնավորին, որ բարեհաճ է գտնվել՝ մի օրով էլ երկարացնելու կյանքը։

Խոտն էլ աղոթք ուներ մի՝

Երկնքին հղած,

Ինքն իր հետ էր մրմնջում՝

Անձրևից պահած։

Ի՞նչ տեսիլք էր, որ տեսավ

Հնձվելուց առաջ,

Հրեշտակը երբ հասավ՝

Գերանդին քաղած․․․

Վեր էր թռել շաղի մեջ՝

Քրտինքում կորած

ՈՒ պատմում էր՝ առվի հետ

Ներքուստ խռոված։

Ի՞նչ պատգամեց՝ չիմացա․

Ջրի հետ գնաց,

Ինչ երազանք նա ուներ՝

Ինձ գաղտնիք մնաց․․․

Բայց մահվան մանգաղը ցողաշաղախ կանաչի պես հնձեց նաև հայրենի բնությանը ձուլված կյանքի սիրահար բանաստեղծուհուն, ով իր ոգեղեն էությանը կյանք շնորհած հայրենի հող ու ջրի պես անաղարտ, զուլալ, անկեղծ, ժողովրդական ակունքներից բխող հողաբույր, հուզաշաղախ պոեզիայով տևական ժամանակ կախարդանքի տակ էր պահում սրտի թրթիռով իր ամենօրյա զարմանահրաշ արարումներին սպասող ընթերցողների մի հսկայական բանակ։

Արարչագործ մեր ժողովրդի բառ ու բանն այնքա՜ն անմիջական, այնքա՜ն հարազատ էր հնչում Մարոյի տողերում, որ թվում էր՝ նա ծաղիկ հացի մատաղ, սուրբ նշխար էր բաժանում, մի յուրատեսակ հաղորդություն տալիս մարդկանց՝ իր տաղանդի ողջ ուժն ու գրավչությունը ներդնելով ամեն բառի մեջ։

Ահա թե ինչու Մարոյից մնացած հուշերի փշրանք - նշխարներն անգամ այսօր անգնահատելի են մնացել ինձ համար։

ՖԲ օգտատերերից մեկը հիշեցրեց իմ մեկնաբանությունը Մարոյի «Հորովելին» ու նրա պատասխանը, որը երկրորդ անգամ ներկայացնում եմ ձեզ։

Ես երազում տեսել էի Մարոյին, որ ասում էր. «Միևնույն է, ես չեմ մեռնի, չեմ ուզում մեռնել»։

Համոզված էր գուցե, որ ինքն անմահության ճամփորդ է, և իր ստեղծագործություններով երկա՜ր, շա՜տ երկար է ապրելու ժողովրդի սրտում։

Լույս իջնի շիրիմիդ, Մարո ջան։ Առանց որևէ բառ փոխելու՝ ներկայացնում եմ իմ և Մարոյի կարճ երկխոսությունը, որն հաստատում է ասածս։

HASMIK VAROSYAN

- Մարոյից հետո նոր «Հորովել» երգելն ինձ թվում է՝ սրբապղծություն է․ այնքա՜ն բնական է, այնքա՜ն պարզ ու անկեղծ, այնքա՜ն տաք հույզեր կան բացահայտ ու թաքուն, հողի մարդու ու հողի հարազատության, հոգսի, սիրո ու երազանքի այնպիսի՜ շաղախ, որ ասես կենդանի կանգնած են քո դեմ մաճկալն ու լծկանները։ Առը շուռ է գալիս, ու սիրո լույսի տակ հողին խառնում գյուղացու ցավն ու դարդը։ Էս ի՜նչ երևույթ է մեր Մարոն․․․ Խոսքերն անզոր են նրա էությունը, բանաստեղծական աշխարհը ներկայացնելու։ Ամեն նոր գործը կարդալիս ցնցվում եմ հոգով, փշաքաղվում է մարմինս․․․Իմ հրա՜շք Մարո․․․

MARO ERKNAPESHYAN

- Վարոսյան, հարազատս, չեմ ուզում քեզ, հակաճառել, բայց որ ականջիդ ասեմ ՝ կուզեի որ դու ճիշտ լինեիր․․․ճճճ

HASMIK VAROSYAN

- Մարո, ականջիս մի ասա, ես պոեզիան հոգով, սրտով, բոլոր բջիջներով եմ զգում, ոչ թե լոկ ականջով ու համոզված եմ իմ կարծիքի մեջ:

Ասեմ, որ այս երկխոսությունից հետո Մարոն ինձ զանգահարեց ու ասաց. «Վարոսյան ջան, գիտե՞ս, որ դու ինձ մի ուրիշ լավություն էլ արեցիր. իմ «Հորովելներից» առաջինը Երևան-Գյումրի ճանապարհին ծնվեց, երբ դիտում էի Շիրակի դաշտերը։

Ասեմ, որ, տեղյակ լինելով նրա առողջական վիճակին, ես ապարդյուն համոզում էի, որ հետ կանգնի Գյումրի գալու իր մտքից։ Այդպես էլ ինձ չհաջողվեց։

«Ես բոլոր դեղահաբերս կխմեմ, որ մի ամբողջ օր ինձ լավ զգամ. ուզում եմ անպայման ներկա գտնվել շնորհանդեսիդ»,- ասաց նա։

Բառեր չունեի ասելու, Մարո՛ ջան, այն, ինչ ծխում ու արցունքի նման հալվում էր ներսումս, բառերով անհնար էր ձևակերպել․․․

ՄԱՐՈՅԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Հողը ծանրորեն նստել է վրադ՝

Էլ ինչպե՞ս ասեմ քեզ՝ «Հողդ՝ թեթև»․

Միտքդ պայծառ էր, սիրտդ էր վհատ․

Թևը կոտրված թռչուն էիր մի խև։

Կարմիր ու սև է ցավը մոշուտի,

Ամեն թփի մեջ սեր է արնահամ․

Փեշդ բռնել էր փուշը կարոտի,

Ինչու՞ ասացիր՝ բա՛ց թող, ես գնամ։

Երեկոն հպվեց երկնակամարին,

Մի պահ հրդեհվեց փեշը մշուշե,

Երկինքն ականջիդ շշնջաց մեղմիվ․

«Գնա՛նք, Մարո՛ ջան, արդեն շա՜տ ուշ է»։

Տնքաց գիշերը իր զսպված ցավից,

Փեշիդ ծվենը մոշուտում մնաց,

Որ հավերժորեն հուշդ ծածանի

Եվ օրհնի ճամփան քո երկնագնաց։

Ճեղքվեց մշուշը երկնակամարի,

Հրդեհվեց հույսի երազը պատիր,

Դու, ցավը թողած ցավոտ աշխարհին,

Քո լույսերի մեջ խաղա՜ղ ժպտացիր։

Մոշուտի ցավը կարմիր ու սև է,

Ներսում կսկիծ կա, իսկ ինքն անուշ է․

Սիրահար հովը քեզ նման խև է․

Գնա՛նք, Մարո՛ ջան, գիշեր է, ուշ է․․․

Հասմիկ ՎԱՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2906

Մեկնաբանություններ